Արցախի Քաշաթաղի շրջանում` Վաղազին գյուղի մոտ, հուլիսի 22-ին ականի պայթյունի հետեւանքով վիրավորված Գառնիկ Ավետիսյանին օգոստոսի 7-ին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
«Գառնիկ Ավետիսյանի ողնաշարը վիրահատել են, այս պահին վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հետեւանքների մասին դեռ վաղ է խոսելը: Իսկ Արթուր Բաղդասարյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասաց նա:
Նշենք, որ դեպքի պահին նրանց հետ է եղել նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, որն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ դեպքը ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա Պրադո» մակնիշի 71OM100 համարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից Արմավիրի քաղաքապետի վարորդ Արամ Խլղաթյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ալեքսանյանը եւ Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:





























