Եվրամիությունը հաջորդ շաբաթ փորձագիտական հանդիպում կանցկացնի, որտեղ կքննարկվի եվրոպական սննդամթերքի՝ Ռուսաստան ներմուծման արգելքով պայմանավորված իրավիճակը: Այդ հարցը քննարկվել է հինգշաբթի՝ օգոստոսի 7-ին, գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Դաչան Չոլոշի եւ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Սթեֆան Լե Ֆոլյայի բանակցությունների ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին:

«Փորձագիտական մակարդակում հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: Այնտեղ մանրամասն վերլուծության կենթարկվի ռուսական արգելքը, որից հետո ԵՄ խորհրդի արտակարգ նիստի հրավիրման անհրաժեշտության մասին որոշում կընդունվի», - հաղորդել են ԵՄ-ում:

Մասնավորապես, Եվրահանձնաժողովը կքննարկի եվրոպական ագրարային տնտեսություններին վնասի փոխհատուցման հարցը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը օգոստոսի 7-ին հրապարակել է մի շարք երկրներից՝ ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Կանադայից, Ավստրալիայից եւ Նորվեգիայից Ռուսաստան ներմուծման արգելքի ենթակա ապրանքների ցանկը: