Ռուսաստանում հասարակական վայրերում համացանց կարելի է մուտք գործել միայն անձնագրով, հաղորդում է «Izvestia»-ն՝ վկայակոչելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ստորագրած որոշմանը: Բացի անձի ինքնության հաստատումից, կապի օպերատորը հասարակական վայրում պետք է գրանցի սարքի ունիկալ համարը, որի օգնությամբ օգտատերը ցանց է մտել: «Համաձայն այլ իրավական ակտերի, օպերատորը ստացված տվյալները պետք է կես տարի պահպանի եւ տրամադրի իրավապահ մարմիններին օրենքով նախատեսված դեպքերում», - ասվում է հաղորդագրությունում:
Ընդ որում, պրովայդերներից մեկի ներկայացուցիչը կարծում է, որ որոշումը տեսականորեն կիրառելի կլինի, եթե հատուկ ինտերֆեյս մշակվի, որը օգտատիրոջը կառաջարկի միանալուց առաջ ներմուծել իր անձնագրային տվյալները: Սակայն ոչ ոք չի կարող ստուգել տրամադրված տեղեկատվության իսկությունը:
Այժմ համացանցից կարելի է անվճար օգտվել Մոսկվայի մի շարք սրճարաններում եւ քաղաքային զբոսայգիներում: Մոսկվայի մետրոյի ղեկավարությունը խոստացել է մինչեւ 2014թ. ավարտը բոլոր գնացքներում անլար ինտերնետի անվճար հասանելիություն կապահովի:




























