Տեղի է ունեցել «Երեւանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսը, որին ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Երեւանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով, ապա շարունակվել երաժշտական եւ պարային կատարումներով: Ի տարբերություն նախորդ տարվա ծրագրի, այս տարի վարչական շրջանների թիմերը, որոնցում ընդգրկված էին 13-15 տարեկան երեխաներ, 10-ական անդամով, նաեւ մրցել են միմյանց հետ փոխանցումավազք, թիավարում փրկօղակի մեջ, պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի մրցախաղերում: Երեխաների անվտանգությունն ապահովել են համալիրի փրկարարները:

Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է ակտիվացնել մայրաքաղաքում մարզական կյանքն ու նպաստել երեխաների առողջ ապրելակերպին:

«Երեւանյան մարզական ամառ 2014» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Մալաթիա-Սեբաստիան: Երկրորդ եւ երրորդ հորիզոնակնները համապատասխանաբար զբաղեցրել են Շենգավիթ եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները: Գավաթներն ու պատվոգրերը թիմերին է հանձնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ակտիվ մասնակցության համար Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով եւ հուշագավաթներով են պարգեւատրվել բոլոր թիմերը: Շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետը վստահեցրել է, որ համաքաղաքային մարզական միջոցառումները կլինեն շարունակական:

Կիսվելով միջոցառման մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ իրենց համար կարեւորը ոչ միայն հաղթանակն է եղել, այլեւ Երեւան քաղաքի միասնությունը: