ԱՄՆ Կանզաս նահանգից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն, այնուհետեւ՝ Նյու Յորք, որտեղ հանդիպումների ժամանակ ներկայացվել է վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ս.թ. օգոստոսի 7-ին կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի, պետքարտուղարի փոխտեղակալներ Գրեգ Կաուսների եւ Էրիկ Ռուբինի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Անդրադարձ է կատարվել նաեւ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Կողմերը կարեւորել են իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը եւ վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:
Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ-ում գործող ամերիկահայ լոբբիստական առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի եւ Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների հետ:
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի եւ Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը եւ ամերիկահայ համայնքին հուզող մի շարք հարցերի:
Վաշինգթոնից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մեկնել է Նյու Յորք, որտեղ ս.թ. օգոտոսի 8-ին նախատեսվում են հանդիպումներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Էդմոնդ Մուլետի եւ ռազմական հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մախսուդ Ահմեդի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահ զորախմբի առաջիկա ներգրավմանը, Աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի առաքելություններին հայկական կողմի հնարավոր մասնակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:





























