Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի հաջորդ վերանորոգումները «Alstom» ընկերությունը կարող է 20-25% ավելի էժան անել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը Երեւանյան ՋԷԿ այցելության ժամանակ:
Նրա խոսքով՝ օրերս ավարտված առաջին պլանային վերանորոգումը կազմել է 9,5 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով 23,2 մլն դոլար), սակայն հաջորդ վերանորոգումները ավելի էժան կնստեն: Նման տնտեսման հնարավոր է հասնել առաջին վերանորոգումից հետո կուտակված նյութերի շնորհիվ:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի ապրիլին կայացել է ԵրՋԷԿ-ի՝ «Alstom GT13E2» տուրբինով նոր շոգեգազային էներգաբլոկի բացումը: Նոր էներգաբլոկն ունի 242 ՄՎտ հզորություն, իսկ ջերմային արտադրության հզորությունը կազմում է 434 ԳՋ/ժ: Նոր էներգաբլոկում զգալիորեն կրճատվել են մթնոլորտային արտանետումները, եւ այժմ ազոտային օքսիդների մասով դրանք չեն գերազանցում 15 ppm-ը:





























