Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը հայկական «Նաիրիտ» ընկերությունում մոնիթորինգը կավարտի մինչեւ սեպտեմբերի 10-15-ը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով՝ մոնիթորինգը ներառում է տեխնիկական, ֆինանսական եւ բնապահպանական բաղադրիչներ: «Կարող եմ ասել, որ ռուսական կողմը խոստացել է ուսումնասիրել հին «Նաիրիտ» գործարանի հնարավորությունները եւ նոր ձեռնարկության շինարարության հնարավորությունները: Թե ինչ տեսքով նրանք կներկայացնեն մոնիթորինգը եւ ինչ եզրակացությունների կհանգեն, մենք դեռ չգիտենք»,-ասել է նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «ՆԿ Ռոսնեֆտ» պետական ընկերությունը հետազոտում է Հայաստանում սինթետիկ կաուչուկի արտադրությունում մինչեւ 500 մլն դոլարի ներդրումներ կատարելու հնարավորությունը, հնարավոր է «Նաիրիտի» հիմքի վրա, որը կաուչուկ է արտադրել խորհրդային տարիներին: