Խոսակցությունները, թե ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը հրաժարական է տվել իշխանությունների հետ համագործակցելու, նրանց դրածոն լինելու եւ բիզնեսներ ունենալու պատճառով, hերյուրանքներ են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ մամուլի պատասխանատու Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականը կուսակցութան փոխնախագահի պաշտոնից։ Նա Քոքոբելյանի հրաժարականը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Պարոն Քոքոբելյանի հրաժարականի որոշումը պայմանավորված է նրանով, որ նա փոքր-ինչ անհամաձայնություն ունի հանուն ժողովրդավարության ընդդիմության կողմից տարվող պայքարի ոճի հետ եւ կողմնակից է ավելի վճռական պայքարի։ Հենց այդ անհամաձայնության պատճառով էլ նա հրաժարական է տվել»։
Նշենք, որ դիմումը, որը Քոքոբելյանը ներկայացրել է հունիսի 12-ին տեղի ունեցած ՀՀՇ վարչության նիստի ժամանակ, առայժմ ընդունվել է ի գիտություն, դրան դեռեւս ընթացք չի տրվել, եւ Քոքոբելյանը շարունակում է մնալ ՀՀՇ անդամ։
Կարեն Կարապետյանը հերքեց նաեւ լուրերը, թե Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանի տարբեր մարզերում բիզնեսներ ունի, մասնավորապես՝ քարի հանքեր, ՀԷԿ-եր, համարվել է ՀՀՇ-ում իշխանությունների դրածոն եւ մշտապես հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսից անջատվելու օգտին:




























