Ադրբեջանցիների վերջին բոլոր գործողություններն ուղղված են նրան, որպեսզի իրենց բոլոր քայլերի մեղքը գցեն հայկական կողմի վրա՝ այդպիսով առաջիկա եռակողմ հանդիպման ժամանակ հանդես գալով շահեկան դիրքերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա, սակայն, ընդգծեց, որ նրանց մոտ այդ չի ստացվի, քանի որ հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս ինչպես դիվանագիտության, այնպես էլ մարտունակության տեսանկյունից:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե պատերազմն ավարտված չէ եւ հնարավոր է երկրորդ փուլ, պատգամավորը հիշեցրեց, որ նման ռազմատենչ հայտարարություններ հնչում են բազմաթիվ տարիներ:

«Իրականում նրանք հասկանում են պատերազմի վտանգավորությունը, հասկանում են, որ այս անգամ ավելի ծանր կորուստներ են ունենալու: Սա ընդամենն արկածախնդիր քայլ է, նրանք պատրաստ չեն պատերազմի: Նրանք ընդամենը ցանկանում են Հայաստանում խուճապ առաջացնել, ցույց տալ, որ շատ ուժեղ են եւ կարող են հենց վաղը նվաճել Հայաստանը: Բայց պետք չէ դրան լուրջ վերաբերվել»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը եւ վրդովված հավելեց. «Ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հանդիպման նախօրեին նման հայտարարություններ անել, իսկ հետո գնալ հանդիպման եւ խաղաղության մասին պայմանավորվել»: