Հայաստանի Էներգետիկայի նախարարությունը շարունակում է «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի շուրջ բանակցությունները: Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողներին հայտնեց Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: «Մենք կասկադի վաճառքի շուրջ ամերիկյան կողմի հետ բանակցություններում տեխնիկական մի շարք հարցեր ենք լուծում»,- հավելեց նա:
Որոտանի կասկադ ՀԷԿ-ը կազմված է 3 էլեկտրակայաններից. Սպանդարյանի (հզորությունը՝ 76 ՄՎտ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ): «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն էր: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անցյալ տարի նոյեմբերի 27-ին հաստատել էր «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը 180 մլն դոլարով ամերիկյան «Contour Global» ընկերության վաճառելու գործարքը:
Սակայն գործարքն առայժմ ուժի մեջ չի մտել՝ իրավական մի շարք խնդիրների պատճառով: Այսպես, ավելի վաղ Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել էր, որ երկրի նախկին իրավական ակտերում ջրամբարների բնորոշումը չի համընկնում, իսկ այդ նշանակում է, որ անհրաժեշտ է հստակ մշակել հասկացությունը, թե կասկադի ջրամբարների որ տարրերն են փոխանցվելու ամերիկյան կողմին:




























