ՀԱՊԿ-ի կանոնադրությունը ենթադրում է, որ եթե ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դրսից սպառնում են, ապա ՀԱՊԿ մյուս անդամները աջակցում են նրան, բայց այդ պայմանագիրը չի կարգավորում այն իրավիճակը, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներսում քաղաքական ապակայունացում է տեղի ունենում, կամ քաղաքացիական պատերազմ է լինում: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով այն փաստին, որ ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության քարտուղարները այսօր նիստ են հրավիրել` քննարկելու Ղրղզստանում ստեղծված իրավիճակը:
«Այս դեպքերում շատ ավելի ճիշտ է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, քանի որ ՄԱԿ-ի մանդատի մեջ դա մտնում է աջակցել նման դեպքերում, որի դասական օրինակը Աֆղանստանն է»,- նշեց նա ու հավելեց. «Սա հաշվի առնելով դժվար է ասել, թե ինչ որոշում կընդունի ՀԱՊԿ-ն: Երկրորդ. Այստեղ կարող են բախվել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը, հաշվի առնելով, որ Ղրղզստան-Ուզբեկստան հարաբերությունները բավականին բարդ են ու լարված: Այնպես որ միանշանակ ասել, որ ՀԱՊԿ-ն զորք կմտցնի Ղրղզստան, սխալ կլինի: Անգամ դժվար է կանխատեսել, թե զորք մտցնելու դեպքում դրանք կլինեն ՀԱՊԿ-ինը, թե` միայն ռուսական»:
Հաշվի առնելով փաստը, որ Թուրքիան 2 ինքնաթիռ է տրամադրել իր քաղաքացիներին Ղրղզստանից դուրս բերելու համար, մենք հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է հնարավոր, որ Կենտրոնական Ասիայում եւս Թուրքիան ակտիվություն դրսեւորի, ինչին Ս. Գրիգորյանը պատասխանեց. «Դա չի բացառվում, բայց ես չեմ կարծում, որ Թուրքիան ունի ռեալ ռեսուրս Կենտրոնական Ասիայում աշխատելու համար: Կենտրոնական Ասիայում ռեալ ռեսուրս ունեն Ռուսաստանը, Չինաստանը եւ որոշ չափով ԱՄՆ-ը: Այլ երկրներ այստեղ իրավիճակի վրա ազդելու ռեսուրս չունեն: Չմոռանանք, որ Ղրղզստանում երկու ռազմաբազա կա. Մեկը` ռուսական, մյուսը` ամերիկյան»:
Նշենք, որ վերջին օրերին Ղըրղզստանի հարավում տեղի ունեցած ազգամիջյան բախումներին զոհ է գնացել 117 մարդ: Մոտ 75 հազար ուզբեկներ հարկադրված լքել են Ղըրղզստանի տարածքը:


























