Հայաստանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահն ադրբեջանական զնդանում եւս մեկ ռազմական հանցագործություն է: Այդ մասին հայտարարել Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով նախօրեին գերված Կարեն Պետրոսյանի ողբերգական մահը:

«Խորին ցավով ընդունեցինք Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին լուրը: Ցավոք, սա հայ գերու կամ պատանդի մահվան առաջին դեպքը չէ ադրբջանական գերությունում, եւ ամենն ադրբեջանցի ռազմական հանցագործների անպատժելիությունն է, որոնք ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի տարրական նորմերը եւ մարդու իրավունքներն առհասարակ:

«Դեռ երեկ, երբ կորած Կարեն Պետրոսյանի որոնողական աշխատանքների ընթացքում տեղեկություն ստացանք նրա հնարավոր գերության մասին, մեզ մոտ ավելացավ տագնապն ու լուրջ մտահոգություններ առաջացան, որ վերջին օրերի լարված իրավիճակի պայմաններում քաղաքացիական անձ, սահմանամերձ գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանից ադրբեջանական քարոզչամեքենան դիվերսանտ, հատուկ ջոկատային, ահաբեկիչ կդարձնեն, միայն թե տնօրինեն ճակատագիրը, եւ, ինչպես տեսնում ենք, հասարակ գյուղացու կյանքով հագեցնել բարկությունն ու ազգային ատելությունը, եւ օգտագործել առիթը, որպեսզի տիրող տրամադրությունների պայմաններում սեփական ժողովրդին ցույց տալ, թե ադրբեջանական բանակը չի կորցնում զգոնությունը, չեզոքացրել է հայկական դիվերսիոն խմբին՝ գերի վերցնելով մեկ անդամի: Այս ամենը սուտ է»,- նշել է Արմեն Կապրիելյանը:

Նրա խոսքով՝ տվյալները ոչ մի կերպ չեն հաստատվում, բացառությամբ ադրբեջանցիների թատերական բեմադրության՝ իբր դիվերսիոն խմբից առգրաված զենքով, մահու չափ վախեցած տղայի զինվորական համազգեստից, ընդ որում, հաշվի առեք, որ զինվորական համազգեստից միայն բաճկոնն է: «Կարծում եմ, Արցախում արդեն իրական ադրբեջանցի դիվերսանտների չեզոքացումից սկսված տրամաբանական շղթան, որը ձգվում է վերջին մի քանի օրվա ընթացքում, եւ ավարտվում է Կարենի մահով, անզեն աչքով տեսանելի է: Եզրակացություններն ինքնուրույն կատարեք»,- հայտարարել է խմբի ղեկավարը:

Ինչպես նշել է Արմեն Կապրիելյանը, հայկական կողմը վաղուց չի զարմանում հարեւան երկրի համապատասխան ծառայությունների գործողությունների պարզունակությունից: Ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ ամենն անպատիժ է մնում, զոհվում են մարդիկ, ճակատագրեր են խեղվում, ինչը տեղի է ունենում շատ հայ ռազմագերիների ու պատանդների հետ, մասնավորապես Կարենի հետ, նշել է խմբի ղեկավարը:

«Բոլոր նրանց համար, որոնք խաբվել են ադրբեջանական քարոզչությամբ, հայտարարում եմ, որ Կարեն Պետրոսյանը քաղաքացիական անձ էր, Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, որեւէ կապ չունի զինծառայության հետ: Այս դեպքում գործ ունենք հերթական ռազմական հանցագործության հետ, չէ որ գերու հետ անմարդկային, դաժան վերաբերմունքը հենց այդպես է որակվում: Գրեթե չեմ կասկածում, թե մահվան մասին ինչ բովանդակությամբ տեքստ է ուղարկվել ԿԽՄԿ: Չեն գտնվի Կարենի մահվան մեղավորները, կատարվածի համար ոչ ոք չի պատժվի: Այս պահին մեր առաջնային նպատակն է Կարենի մարմնի վերադարձը հայրենիք, ինչից հետո մեր աշխատանքին կմիանան իրավապահներն ու բժիշկները, միջազգային մակարդակում համապատասխան քայլեր կձեռնարկվեն:

Եթե պետությունը, այս դեպքում Ադրբեջանը, չի կարող կամ չի ցանկանում գտնել ու պատժել որոշ անձանց, ովքեր մեղավոր են հայ քաղաքացու հետ վերաբերմունքի համար, ապա թող պատասխան տա համապատասխան պետական կառույցը, որը կոչված է կանոնակարգով լուծել հումանիտար խնդիրը, իսկ գործնականում զբաղվում է հակահայկական քարոզչությամբ»,- եզրափակել է Աշխատանքային խմբի ղեկավարը: