Հայաստանի ԱԳՆ-ն ցնցված է Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ եւ իր ցավակցություններն է հայտնում նրա հարազատներին եւ մերձավորներին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով երեկ Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան փաստը:
«Երիտասարդ գյուղացուն իբրեւ դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, թե՛ տարրական բարոյականությանը, զարհուրելի է եւ՛ իր էությամբ, եւ՛ ցինիզմի այն աստիճանով, որով դա մատուցվեց հանրությանը:
Նման բարբարոսական ոճը բնորոշ է հայտնի ահաբեկիչներին, որոնք սկզբում պատանդին տեսախցիկի առջեւ նվաստացնում են, հետո՝ սպանում: Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը՝ շարունակելով ոտնահարել համամարդկային արժեքները»,- նշել է Բալայանը։





























