Գյումրիի Արագածի փողոցում գտնվող կանաչ գոտում, որտեղ շինարարական աշխատանքներ իրականացնելն արգելված է, անհատ ձեռներեց Արտյոմ Անտիկյանն, այուամենայիվ, որոշել է սպասարկման օբյեկտ կառուցել։ Նա, ընդ որում, շինարարությունն սկսել է առանց քաղաքապետարանի թույլտվության։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը։

Նրա հավաստմամբ, մինչ շինարարական աշխատանքների սկսելը Արտյոմ Անտիկյանը համապատասխան թույլվություն չի ունեցել։ «Այդ  է պատճառը, որ քաղաքապետարանի որոշմամբ շինարարական աշխատանքները դադարեցվել  են եւ կառուցապատողի դեմ վարչական իրավախախտման վարույթ է հարուցվել»,- տեղեկացրեց Դավիթ Սարգսյանը՝ ավելացնելով, որ վարչական տույժի չափը կազմում է 200 հազար դրամ։ «Եթե անհատ ձեռներցն առանց համապատասխան թույլտվություն ստանալու շարունակի դադարեցված շինարարությունը, կրկնակի վարչական տուգանքի կենթարկվի։ Վարչական տույժի ենթարկվելուց հետո շինարարությունը վերսկսելու դեպքում նրա դեմ քրեական գործ կհարուցվի»,- ասաց Շիրակի մարզի դատախազը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ սպասարկման օբյեկտի շինարարությունն այս պահին դադարեցված է։

Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանն իր հերթին ավելացրեց, որ Արագածի փողոցում իրականացվող հորատման աշխատանքները սպասարկման օբյեկտի բուն շինարարության հետ որոէ առնչություն չունեն։ «Փողոցի այդ հատվածում եղել են ջրագծեր եւ կոյուղագծեր, եւ քաղաքացին, ով ձեռք է բերել հողատարածքը, ջրմուղի հետ ունեցած համապատասխան պայմանագրի հիման վրա սկսել է ջրագծերի տեղափոխման աշխատանքներ իրականացնել։ Ինչ վերաբերում է բուն շինարարությանը, ապա նախատեսված է թեթեւ կոնստրուկցիաներով ապակեpատ շինություն կառուցել, որը ոչ մի կերպ հակասության մեջ չի մտնում քաղաքի գոտեւորման նախագծի եւ հատակագծի հետ»,- հավաստիացրեց  Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակը՝ ավելացնելով, որ շինարարությունը նպաստելու է կանաչապատ տարածքի ստեղծմանը։ «Շատ մեծ եւ գեղեցիկ կանաչ գոտի է ստեղծվելու»,- շեշտեց Լիլիթ Աղեկյանը։