Գերիների նկատմամբ վերաբերմունքի քաղաքակիրթ միջազգայնորեն պարտադրվող կանոնները Ադրբեջանում չեն պահպանվում, Կարմիր Խաչը չի կատարում իր պարտականությունները: Այս մասին այսօր՝օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Տավուշի մարզի Չինարի գյուղի գերված բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին ողբերգական մահվան մասին:
«Սահմանին կանգնած մարդը այնքան ապահով չպետք է լինի, որքան գերեվարվածը, որվհետեւ գերվածը երկու պետությունների ուշադրության կենտրոնում է, միջազգային կազմակերպությունների ուշադրության տակ է: Եթե անգամ հոգեբանական բռնարարքների պատճառով մարդը հեռանում է կյանքից, դա խստորեն հակասում է ընդունված միջազգային կանոններին: Այս վերջին դեպքի հետ կապված մեր պետությունը պետք է լուրջ ահազանգ բարձրացնի: Կարմիր խաչը իր պարտականությունները չի կատարում Հայաստանում եւ Ադրբեջանում, կամ կատարվում է թերի»,- նշեց ՊարույրՀայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ Կարմիր Խաչը պարտավոր էր ապահովել գերու անվտանգությունը. «Կարմիր խաչը անմիջապես, եթե նույնիսկ իսկապես պատերազմի հանցագործ է լինում այդ մարդը, պարտավոր էր իր անմիջական վերահսկողությունը հաստատել, որպեսզի նրա մարդկային արժանապատվությունը եւ անհատական անվտանգությունը ապահովի»:
Պարույր Հայրիկյանը մեծ ակնկալիքներ չունի Սոչիում օգոստոսի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից .«Այդ հանդիպումը կարող էր ինչ-որ բան փոխել, եթե հանդիպման առանցքում չլիներ, արդեն աշխարհի քաղաքակիրթ պետությունների կողմից չարագործ ճանաչված Պուտինը»:
Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:





























