Իրաքի Մոսուլ քաղաքում, որտեղ անընդհատ կառավարական ուժերի եւ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալ-սուննիների միջեւ արյունալի բախումներ են տեղի ունենում, հայեր այլեւս չկան. նրանք փախել են Քուրդիստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Իրաքի հայկական համայնքից:

«Բարեբախտաբար, զոհերի մեջ հայեր չկան, միայն մի քանի ընտանիք կողոպտվել է: Մոսուլում իրավիճակն այսպիսին էր. կամ ընդունել իսլամ, մնալ ու շարունակել ապրել քաղաքում, կամ հեռանալ: Հայերն ընտրեցին երկրորդ տարբերակը: Համոզված ենք, որ հայերից իսլամ ընդունած մարդ չկա»,- ասացին համայնքից:

Նրանց փոխանցմամբ՝ կենտրոնական ազգային վարչության կողմից հայերին օգնություն է ցուցաբերվել, այդ թվում՝ նյութական: Ինչ վերաբերում է Հայաստան գալուն՝ մեր զրուցակիցը նշեց, որ մարդիկ հույս ունեն Մոսուլ վերադառնալ:

«Առհասարակ գրավված շրջաններում քրիստոնյաներ չեն մնացել: Իրաքում քրիստոնյաների համար վտանգավոր է»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ քառօրյա բախումներից հետո սուննի իսլամիստները հունիսի 10-ին գրավել էին Իրաքի Մոսուլ քաղաքը, ինչի հետեւանքով տուժել են նաեւ քաղաքում բնակվող տասնյակ հայ ընտանիքներ: Մոսուլում բնակվող 65 հայ ընտանիքներ ծխատեր քահանայի հետ լքել են քաղաքը՝ թողնելով իրենց տներն ու ունեցվածքը: