Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առաջամարտիկներից է, զեկույցով հանդես կգա Հայաստանի կանանց միջազգային ասոցիացիայի միջազգային համաժողովում: «Հայ կանայք գործողության մեջ. համայնքների կառուցումն ամբողջ աշխարհում» թեմայով համաժողովը նախանշված է սեպտեմբերի 9-12-ը, Երեւանում: Այս մասին գրում է «The Armenian Mirror-Spectator»-ը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով համաժողովի առաջին ամբողջ օրը նվիրված կլինի Ցեղասպանության ժամանակ հայ կանանց ունեցած դերին, ինչպես նաեւ դրա երկարաժամկետ հետեւանքներին:

Հայկական ծագմամբ իտալացի գիտնական եւ գրող Անտոնիա Արսլանը, ով նաեւ «Արտույտների ագարակը» վեպ-բեսթսելլերի հեղինակն է, այս թեմայով զեկուցողներից մեկն է լինելու: Զեկույցով է հանդես գալու նաեւ Ստամբուլից Ֆեթհիյե Չեթինը՝ «Մեծ մայրս» գրքի հեղինակը, որը Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ իրենց ծագումը թաքցրած իսլամացած կանանց թեմայով քննարկումների առիթ է դարձել: