Օգոստոսի 9-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեւանի Կենտրոն եւ Ավան տարածքային կազմակերպությունների անդամները Ծաղկաձորում հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ NEWS.am-ին ՀՀԿ երիտասարդական կենտրոնից տեղեկացրին, որ քննարկվել են վերջին օրերին սահմանային լարվածության դեպքերը, մամուլի եւ սոցցանցերի արձագանքն իրադարձություններին եւ տեղեկատվական, քարոզչական դաշտում ՀՀԿ երիտասարդների դերը։
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ «եռօրյա, այսպես կոչված, պատերազմը մենք հաղթել ենք նաեւ տեղեկատվական դաշտում, ինչը նաեւ նման քննարկումների արդյունք էր»։
Պաշտպանության նախարարի խոսնակը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, փաստել, որ լարվածությունը սահմանին դեռ պահպանվում է։ Սակայն վերջին 5 օրում հակառակորդը հիմնականում զերծ է մնում սադրանքներից, արկածախնդրությունից, կրակոցները նվազել են. երեկ գիշեր հրադադարի խախտման 200 դեպք է գրանցվել, այս գիշեր՝ 100-ից էլ քիչ։
Ըստ նրա Ադրբեջանը սպառազինություն ունի, բայց ադրբեջանական բանակում այդ սպառազինությունը յուրացված չէ։ Ադրբեջանցիները չունեն համապատասխան գիտելիք դրանք կիրառելու համար։
Հովհաննիսյանի խոսքով՝ աշխատելու որոշակի անհրաժեշտություն կա սոցիալական ցանցերում, որտեղ կան ապատեղեկատվություն տարածող խմբեր։ «Այստեղ մեծ անելիքներ ունեն երիտասարդները, ովքեր պետք է շատ արագ, օպերատիվ ճշգրիտ փաստերով, մեկնաբանություններով հակազդեն»,- ասել է նա։





























