Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատի Հատկացումների հանձնաժողովը սկսել է դիտարկել մի օրինագիծ, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության թեման դպրոցական 7-12-րդ դասարանների ուսումնական ծրագրում ընդգրկելուն: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի օրենսդրական հարցերի բաժնի տնօրեն Հայկ Բաղդասարյանը կազմակերպության անունից հանդես է եկել օրինագծի (AB 1915) պաշտպանությամբ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմական ենթատեքստը, ինչպես նաեւ ընդգծել է Կալիֆորնիայի հավատարմությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Այս օրինագծում առավել կարեւորն այն է, որ աշակերտները բազմակողմանի կուսումնասիրեն անցյալ դարում մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, քանի որ ծրագիրը ներառելու է ոչ միայն Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը, այլեւ Կամբոջայի, Դարֆուրի եւ Ռուանդայի ցեղասպանությունները»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամներ Ադրին Նազարյանն ու Քաջո Աչաջյանը նոր օրինագիծ են առաջարկել Կալիֆորնիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ: Նոր օրինագիծն ընդգծում է նրանց հակվածությունը հայոց ցեղասպանության թեմայի ուսուցման համակարգային մոտեցման ձեռբերմանը: Նախորդ օրինագծի (AB 659) հետ միասին այս փաստաթուղթը մարդու իրավունքների թեմայի ուսուցման օրկնագծերի ամբողջական փաթեթ է կազմում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Կալիֆորնիայի Սենատի կրթության հարցերի հանձնաժողովը միաձայն Հայոց ցեղասպանության թեման ուսումնական ծրագրում ընդգրկելու մասին օրինագիծ էր ընդունել: Հատկացումների հանձնաժողովում քննարկելուց հետո նախագիծը պետք է քննարկվի նաեւ Սենատում: Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովն օրինագիծը միաձայն ընդունել էր մայիսին: