Անգլիայի եւ Ուելսի իշխանությունները հանդես են եկել «ուրախացնող գազի» վտանգի մասին նախազգուշացմամբ: Ազոտի օքսիդը, որը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ, Բրիտանիայում տարածված թմրանյութ է դարձել:
«Ուրախացնող գազը» ներշնչում են փուչիկների օգնությամբ: Դրա օգտագործումն օրենքով արգելված չէ:
Տեղական իշխանությունների միավորումը, որում շուրջ 400 տեղական խորհուրդ է ընդգրկված, հայտարարել է ազոտի օքսիդի օգտագործման վտանգի մասին: Գազի պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել թթվածնի պակասի, որն իր հերթին սպառնում է արյան ճնշման իջեցմամբ, ուշագնացությամբ, նույնիսկ սրտի նոպայով:
Միավորման տվյալներով, շուրջ 500 հազար երիտասարդներ պարբերաբար ազոտի օքսիդը որպես թմրանյութ են օգտագործում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























