Ռուսաստանը չի բացառում օգոստոսի 10-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ՝ այս մասին օգոստոսի 9-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք բացառում, որ եռակողմ հանդիպումը կկայանա վաղը (օգոստոսի 10-ին – խմբ.) ցերեկը»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ սպասվում է նաեւ, որ օգոստոսի 9-ի երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կայցելեն Սոչիում կայանալիք սամբոյի մրցաշարին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին՝ Պեսկովը նշել է, որ այն մտահոգում է բոլոր կողմերին: «Բոլոր կողմերն անհանգստություն են արտահայտում լարվածության աճի, միջադեպերի կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին եւ բազմաթիվ մարդկային կորուստների են հանգեցրել: Իրավիճակն իսկապես անհանգիստ ու անկայուն է»,- հայտարարել է մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:





























