Ռուսական կողմը պնդելու է Արցախում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղարար առաքելության հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց բրիտանական Հակամարտությունների հետազոտությունների եւ վերլուծությունների անկախ կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Լենգթոնը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպմանը:
Բրիտանացի փորձագետը նաեւ հավելեց, որ որպես հակամարտության կարգավորման մաս՝ Ռուսաստանը կարող է օգտագործել եվրասիական տնտեսական ծրագիրը: «Սակայն քիչ հավանական է, որ այդ ընդունելի կլինի Ադրբեջանի կողմից»,- նշեց Քրիստոֆեր Լենգթոնը: Ամեն դեպքում, նրա համողմամբ, Մոսկվան, անկասկած, ցանկանում է, որպեսզի իրեն որպես միջնորդ ընկալեն մի հարցում, որը Ռուսաստանը տեսնում է սեփական շահերի ոլորտում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, Մոսկվան չի բացառում օգոստոսի 10-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման հավանականությունը: Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:




























