26 սմ երկարությամբ մորթով կատուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Երկու տարեկան Սոֆի Սմիթի մորթու երկարությունը շուրջ 3 սանտիմետրով ավելի երկար է, քան նախորդ ռեկորդակիր կատվի՝ Գնդապետ Մյաուի մորթին:
Նշվում է, որ մորթու երկարությունը չափել են տեղի անասնաբուժարանում՝ ականատեսների եւ ռեկորդների գրքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կենդանու տերը՝ Ջամի Սմիթը, պատմել է, որ կատուն պատահաբար է իրեն բաժին հասել: Երկու տարի առաջ նա զբոսնելիս է եղել իր շան հետ, երբ իրեն երիտասարդներ են մոտեցել ու առաջարկել վերցնել փոքր կատվին: Սկզբում Սմիթը ցանկացել է Սոֆիին ապաստարան հանձնել, սակայն սիրել է նրան ու իր մոտ պահել: Տարիքի հետ կատվի մորթին, հատկապես պոչ հատվածում, ավելի է երկարել եւ վերջապես հասել է ռեկորդային չափսերի: Չափելու համար տերը կենդանու պոչից մի քանի մազ է պոկել:
Նախորդ ռեկորդակիր Գնդապետ Մյաուն վախճանվել է 2014 թվականի հունվարին: «Lenta.ru»-ի փոխանցմամբ, նրա մորթու միջին երկարությունը կազմում էր 23 սմ:





























