Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, ապարդյուն կլինի, սակայն հանդիպման եւ բանակցությունների փաստն ինքնին կհետաձգի ռազմական գործողությունների հետագա սրացումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ է վարվել՝ երկու նախագահներին էլ Սոչի հրավիրելով, քանի որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն իսկապես սկսել էր դուրս գալ վերահսկողությունից, եւ պատերազմի վերսկսման վտանգ կար: «Դա ոչ մեկի շահերից չի բխում. ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Ռուսաստանի: Այդ պատճառով Պուտինն ամենեւին չէր ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի»,- նշեց Միխայիլ Ալեքսանդրովը: Ըստ նրա, հենց դրանով է պայմանավորված ռուսական առաջնորդի հրավերը:

«Նախագահ Ալիեւը զգաց, որ կատարյալ պայմաններ են ստեղծվում Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու համար: Արեւմուտքը ռազմական ճանապարհով Դոնբասը ոչնչացնելու հնարավորություն տվեց, եւ այդ իրավիճակում Ալիեւը համարեց, որ լիովին հանգիստ կարող է սկսել մաքրել Լեռնային Ղարաբաղը, եթե, իհարկե, իրեն հաջողվի»,- կարծիք հայտնեց քաղաքագետը՝ հավելելով, որ այդ պատճառով նա սկսեց սրել իրավիճակը, գնաց կտրուկ քայլերի. սադրանքներ, գնդակոծություններ եւ այլն: «Հայկական կողմը, բնականաբար, պատասխանեց, քանի որ եթե ագրեսորը սկսում է ակտիվանալ, հարկավոր է պատասխանել, հակառակ դեպքում նա կարող է հեռուն գնալ»,- ընդգծեց Ալեքսանդրովը:

Նա նաեւ հավելեց, որ եթե նախանշված հանդիպումը կայանա, հնարավոր է՝ ինչ-որ համաձայնություն ձեռք բերվի հակամարտության գոտում վստահության ձեռքբերման հարցում: «Չնայած ես կարծում եմ, որ հիմա Ալիեւը փորձելու է իրավիճակն օգտագործել, որպեսզի Հայաստանին ստիպի ինչ-որ զիջումների գնալ: Բայց չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը որեւէ զիջման կգնա: Եթե հանդիպման ընթացքում որեւէ համաձայնություն ձեռք չբերվի, Ալիեւը նորից լարվածության սրացման կդիմի: Բայց այստեղ կարող է փոխվել Ուկրաինայի իրավիճակը. Ռուսաստանը կարող է գործողություն սկսել՝ Ուկրաինային խաղաղություն պարտադրելու համար, եւ այդ դեպքում արդեն Ալիեւը կվախենա՝ տեսնելով, որ Ռուսաստանը վճռականորեն է գործում, եւ չի դիմի լարվածության աճի»,- հավելեց Միխայիլ Ալեքսանդրովը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում կարող է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպում կազմակերպվել: Իսկ օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: