Տավուշի մարզի Այգեպար գյուղում երկու տուն ամբողջութամբ այրվել են հակառակորդի կրակոցների հետեւանքով: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը NEWS.am-ին հայտնեց, որ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով տներն ամբողջութամբ այրվել են: Այժմ կրակոցները դադարել են:

Ինչպես հայտնել էր արտակարգ իրավիճակի նախարարությունը, օգոստոսի 10-ին, ժամը 04.20-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում:
Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, հրշեջ հաշվարկը դադարեցրել էր ընթացքը և իրականացրել հերթապահություն: Ամբողջությամբ այրվել են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները, հրդեհն ինքնամարվել է:

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր, թե  հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշտներով կրակել է Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար եւ մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցրել են, նշել էր Հովհաննիսյանը: