Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանի մասնակցությունը որեւէ կողմից աղետ կլինի հակամարտող մյուս կողմի համար:

ԱՄՆ Մոնթանայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Թոմաս Հոլցը ադրբեջանական «Day.az» կայքէջին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք Ռուսաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, պատասխանել է. «Դա մեծ հարց է: Իհարկե, այժմ նախադեպ կա, թե ինչպես „ինքնորոշման“ սկզբունքը գերակայեց „տարածքային ամբողջականության“ սկզբունքին, բայց ես վստահ չեմ՝ որքանով է Մոսկվան ցանկանում իրենից վանել Ադրբեջանին»:

Հարցին, թե որոնք են տարածքային խնդիրները լուծելու՝ Սահակաշվիլու եւ Ալիեւի մոտեցումներում առկա տարբերությունները, ամերիկացի քաղաքագետը պատասխանել է. «Սահակաշվիլին իրեն թույլ տվեց թակարդը գցել, ընդ որում, վրացական առաջնորդին սխալմամբ թվում էր, թե Արեւմուտքը կաջակցի իրեն: Իսկ Ալիեւն ալվելի իրատեսական հայացքներ ունի տարածաշրջանում կատարվածի հանդեպ»:

Ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը վերջնականապես հիասթափվի խաղաղ կարգավորման հնարավորությունից եւ փորձի ուժով ազատել իր տարածքները. այս հարցին էլ Թոմաս Հոլցը նշել է. «Եթե Ռուսաստանն ակտիվորեն աջակցի կողմերից մեկին, դա մյուս կողմի համար աղետ կլինի»: