Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո անմիջապես լարվածությունը սահմանին չի թուլանալու, քանի որ Ադրբեջանն ունի ֆաշիստական մտածելակերպ եւ բնականաբար, արագ չի հանդարտվի։ NEWS.am-ի հետ զրույցում օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպման մասին այսպիսի կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
«Ռուսաստանի Դաշնությունը հասել է նրան, որ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը հարցը կարող է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով։ Հարցն այս եղանակով լուծելու մասին են խոսում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները։ Բայց չի կարելի մտածել, որ անմիջապես կթուլանա լարվածությունը՝ հաշվի առնելով Բաքվի պահվածքը, կեցվածքը, իհարկե լինելու են կրակոցներ, հրադադարի ռեժիմի խախտումներ։ Բաքուն ցույց է տվել, որ մոտենում է կարմիր գծին եւ դա անընդունելի»,- ասաց նա։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս հանդիպումից հետո կողմերը պետք է տարիներով աշխատեն՝ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար. «Ռուսաստանն արդեն անձնական շահ ունի, որովհետեւ հանդիպումը տեղի է ունեցել Պուտինի միօջնորդությամբ, եւ եթե այս հանդիպումից որեւէ արդյունք չլիներ, կխփեր Ռուսաստանի վարկանիշին, կամ կնշանակեր, որ համանախագահող երկիրը շահագրգռված չէ՝ հարցը բանակցությունների միջոցով կարգավորելու համար, սակայն պարզ է, որ Մոսկվան նման սցենար թույլ չէր տա»։
Նշենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը փաստել են, որ Արցախյան հարցը պետք է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:





























