Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ 72-ժամյա հրադադարը, որն ընդունվել է դիվանագիտական լարված ջանքերից հետո: Իսրայելը մտադիր է օգոստոսի 11-ին պատվիրակություն ուղարկել Եգիպտոս՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման բանակցությունները շարունակելու համար, փոխանցում է BBC-ն:
«Եթե իսկապես հրադադար լինի, Իսրայելի պատվիրակությունը երկուշաբթի կժամանի Եգիպտոս», - Իսրայելի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում գործակալությունը: Իսրայելի պատվիրակության ժամանելու դեպքում Կահիրեում երկուշաբթի կշարունակվեն երկարատեւ հրադադարի վերաբերյալ բանակցությունները:
Պաղեստինա-իսրայելակյան հարաբերությունների ներկայիս ճգնաժամի ընթացքում, որը շարունակվում է արդեն չորս շաբաթ, զոհվել է շուրջ 2000 մարդ, որոնցից 1900-ը՝ պաղեստինցի, հայտարարում են ՄԱԿ-ում` վկայակոչելով Գազայի իշխանությունների տրամադրած տվյալները: Զոհերի մեծամասնությունը 20-29 տարեկան տղամարդիկ են: Իսրայելից զոհվել է 67 մարդ, որոնց թվում` քաղաքացիական երեք անձինք:
Մինչ հրադադար հայտարարելը տարածաշրջանում տեղի էր ունենում հուլիսի 8-ին սկսված Իսրայելի «Անխորտակելի ժայռ» ռազմական գործողությունը:
Գործողության ընթացքոմ հրադադար է հայտարարվել երկու անգամ եւ երկու անգամ էլ վաղաժամ ավարտվել, քանի որ Պաղեստինի գրոհայինները շարունակել են Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը:





























