Հրադադարի ռեժիմների խախտմամբ Ադրբեջանը տարբեր խնդիրներ է լուծում: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ադրբեջանը տարբեր նպատակներ ունի: Առաջինը այն է, որ միջազգային հանրությանը հասցնի, թե պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա մի փուլը, եւ հիմա պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը վերջնական լուծում ստանա»,- նշել է Սարգսյանն ու հիշեցրել, որ յուրաքանչյուր կարեւորագույն հանդիպումներից առաջ եւ հետո հրադադարի խախտումներ են լինում են»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով, հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի նախագահն իր առաջ դնում է, ժողովրդական լեզվով ասած, «հայերի աչքը վախեցնելն էր»։ «Ուզում էին ցույց տալ, որ իրենց զորքերը մարտունակ են: Եւ ինչպես տեսաք՝ այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ բարենպաստ մի հանգրվանի: Երրորդ նպատակը ներքաղաքական է, երբ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է արդարացնել կոշտ քաղաքականությունը երկրի ներսում՝ շահարկելով պատերազմը»,- նշել է Սարգսյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում մեր զինվորների կեցվածքն ու գործողությունները, Սերժ Սարգսյանն ասել է. «Ինձ համար երբեք երկու կարծիք չի եղել: Ես շատ լավ գիտեմ մեր զինված ուժերը, նրա հնարավորություններն ու կարողությունները: Այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերը՝ իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը կատարելագործելու հարցում: Մեր զինված ուժերում կառավարումը գրեթե անթերի է: Սա չափազանց կարեւոր հանգամանք է»,- նշել է նախագահը:
Նա նաեւ նկատել է, թե հասարակությունն ու մամուլն էլ հրաշալի դրսեւորեցին վերջին օրերին: «Երբ ասում էի, որ այն պրոբլեմը, խնդիրները որ առաջանում են, այն գինն է, որ վճարում ենէ փակից բաց հասարակություն անցնելու ճանապարհին, դա նկատի ունեի: Ի տարբերություն մեր հարեւանի, մենք բաց հասարակություն ենք, մեր մամուլն էլ ազատ է: Իհարկե, սկզբնական փուլում որոշակի խնդիրներ ունեցանք: Որոշ լրատվամիջոցներ, առավել եւս՝ առանձին մարդիկ փորձեցին մեր հակառակորդի մատուցած ինֆորմացիան մատուցել հասարակությանը,
Բայց դա շատ կարճ տեւեց, մամուլը կարողացավ համախմբվել եւ ճիշտ դիրքորոշում արտահայտել: Նույնիսկ իշխանության նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցողները, մեր քաղաքական հակառակորդները իրենց մեջ ուժ գտան դրական արտահայտվել բանակի մասին, եւ դա նրանց պատիվ է բերում»,- ասել է նա:
Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդդիմությանը կոչ է արել զուսպ լինել: «Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է եւ այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգեւորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում եւ որոշ հարցերի շուրջ լինել զուսպ:
Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգեւորելը լավ բան չէ»,- նշել է Սարգսյանը:





























