Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Մոսկվայում կալանավորված Լեւոն Հայրապետյանի հարցը: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ռուսաստանի Նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, եւ ոչ էլ ճանաչում էր Լեւոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել եւ մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Լեւոն Հայրապետյանն առողջական խնդիրներ ունի, սակայն պահվում է կալանքի տակ: