Սահմանը պահող հայ զինվորները իրապես կարիք ունեին աջակցության եւ պիտի զգային, որ իրենց թիկունքն ամուր է: ԼՂՀ կատարած այցից հետո NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որը օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետի, Պնախարարի եւ մի քանի պատգամավորների հետ մեկնել էր առաջին գիծ, գիշերել դիրքերում:

«Ես իրապես շատ կարեւոր եմ համարում մեր այցը: Մամուլի տարբեր հրապարակումներում կարդացի այն մասին, թե պատգամավորն ինչ գործ ունի առաջին գծում, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ պատգամավորը պետք է լինի այնտեղ, որտեղ ինքն առավել անհրաժեշտ է: Զինվորները պիտի զգային, որ իրենց թիկունքն ամուր է: Այո, մեր թիկունքն ամուր է մեր տղաներով: Ապշած էի՝ տեսնելով նրանց աննկուն ոգին, հասկանալով ինչպիսի հստակ եւ ճիշտ գնահատական էին տալիս այդ զինվորները իրավիճակին: Իհարկե, իրավիճակը սահմանին լարված է, իսկ մենք ունենք Ադրբեջանի պես հակառակորդ: Բոլորս էլ հասկանում ենք, որ որեւէ վտանգից մեր զինվորներն ապահովագրված չեն, սակայն մենք ունենք այնպիսի ոգի եւ միջոցներ, որ կարող ենք ոչ միայն արժանի հարված հասցնել հակառակորդին, այլեւ մի բան էլ ավելի»,- ասաց նա:

Հայաստանից մեկնած պատվիրակությունը եղել է տարբեր դիրքերում, զրուցել զինվորների հետ, լսել նրանց հուզող եւ մտահոգող հարցերը:

«Զինվորներն էլ մեզ հարցնում էին՝ ինչ ակնկալել եռակողմ հանդիպումից, ինչպիսին է ներքաղաքական իրավիճակը: Բավականին հետաքրքիր հարցեր էին տալիս: Ես այս այցը արդյունավետ եմ համարում: Պայմանավորվեցինք առաջիկայում էլ նմանատիպ այցեր կատարել»,- ավելացրեց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչներն առաջիկայում պատրաստվում են այցելել նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր:

Նշենք, որ օգոստոսի 9-ից պաշտոնական այցով Արցախում գտնվող Հովիկ Աբրահամյանը, Սեյրան Օհանյանն ու ԱԺ պատգամավորները նախ եւ առաջ այցելել են N զորամաս, որտեղդ հանդիպել են նորակոչիկների երդման արարողությանը մասնակից ծնողներին, այնուհետեւ այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նստավայր: Օրվա վերջում Հայաստանից մեկնած պատվիրակությունը գիշերել է մարտական դիրքերում, հանդիպել զինվորներին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: