Սոչիում օգոստոսի 10-ին Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը դրական ազդեցություն կունենա, մեզ համար ամենակարեւորն այն էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պուտինին ասաց, որ կարեւորում է Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը եւ, դա Ռուսաստանի նախագահը կարողացավ պոկել նրանից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

«Հանդիպման փաստը շատ կարեւոր է, երբ  հակամարտող կողմերը հանդիպում են, դա արդեն լավ է: Ինչպիսի զարգացում կունենա՝ դժվար է ասել, բայց ես հուսով եմ՝ այս սուր իրավիճակը չի մնա այնպիսին, ինչպիսին կար այս օրերին, երբ գրեթե նախապատերազմական վիճակ էր առաջացել»,- նշեց Ստեփան Մարգարյանը:

Ստեփան Մարգարյանի խոսքով՝ այսօր կարեւոր է վերլուծել եւ հասկանալ, թե ինչու է ստեղծվել այդ վիճակը. «Այն, որ առաջացած վիճակի մեջ միայն Ալիեւի մեղքը չէր, ես դրանում համոզված եմ, ոչ թե նրա համար, որ մենք էինք հարձակվում, այլ խոսքը այն մասին է,  որ երբ մեկը որոշում է դիմել նման գործողությունների, պետք է հասկանալ՝ արդյոք դու տեղիք չես տալիս, որ նա դիմի այդպիսի գործողությունների: Ալիեւին ի՞նչը կարող էր հուսադրել, ի՞նչը կարող էր ստիպել կամ ինչի՞  վրա էր նրա հույսը, երբ  որ տանում էր այսպիսի  սրացման»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամն այս հարցերին ունի պատասխան. «Ես դրա պատճառներից մեկը համարում եմ, վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում ունեցած կորուստները,  ավելի ճիշտ՝ հեղինակության անկման նման բան ունեցանք: Դա Ալիեւի մոտ առաջացրել է  իմիտացիա, որ Հայաստանը թուլացել է: Ադրբեջանն ինքնուրույն գնաց այդ սրացմանը, Ադրբեջանը գնաց դրան՝ համարելով, որ ոչինչ չի կորցնում. կգնա, դիվերսիա կանի, խուճապ կսկսի, հետո կասի՝ տվեք այն, ինչ ուզում ենք, թե չէ կմտնեմ Հայաստան: Սակայն հաշվարկներում սխալ կար: Փառք ու պատիվ մեր տղաներին, որոնք շատ լուրջ դիմադրություն իրականացրեցին եւ հաղթող դուրս եկան»:

Լրագրողների հարցին, թե ինչը հեղինակազրկեց Հայսատանին, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Մեզ վրա բավականին բացասական ազդեցություն ունեցավ մեր հարաբերությունները Եվրոպական ասոցացման պայմանագրի շրջանակներում, եւ դրանից հետո անցումը դեպի Մաքսային միություն, ոչ թե մեկն ու մյուսն էին պատճառը, այլ մեր պահվածքն էր պատճառը»: