Նիգերիայի առողջապահության նախարարությունը Էբոլա վիրուսի վարակման 10 դեպք է հաստատել:
Գերատեսչության տվյալներով՝ բոլոր դեպքերը գրանցվել են երկրի խոշորագույն քաղաքում՝ Լագոսեում: Հիվանդները շփվել են լիբերիական ծագմամբ ամերիկացու հետ, ով օդանավակայան ժամանելուն պես բողոքել է վատ զգացողությունից եւ ավելի ուշ մահացել:
Ինչպես հաղորդում են առողջապահության նախարարությունում, Էբոլա վիրուսով վարակման վերջին դեպքը այդ տղամարդուն բուժող բուժքույրն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկուշաբթի Ժնեւում հանդիպում կանցկացնի, որտեղ կքննարկվեն վիրուսի բուժման ծայրահեղ մեթոդները: Բժշկական էթիկայի մասնագետները կքննարկեն դեղամիջոցների օգտագործման ռիսկերը, որոնք դեռեւս չեն փորձարկվել մարդկանց վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիերա-Լիոնեում եւ Նիգերիայում, ընդհանուր առմամբ, 960 մարդ է մահացել Էբոլա վիրուսով պայմանավորված տենդից:





























