Երեք նախագահների հանդիպումը կարելի է բնութագրել՝ որպես Ադրբեջանի միջազգային ռազմաքաղաքական շանտաժի եւ բախտախնդրության հերթական ամբողջական ձախողում: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով երեք նախագահների հանդիպումը Սոչիում:

Քաղաքագետի խոսքով՝ հանդիպման հետեւանքները կողմերից յուրաքանչյուրի համար տարբեր էր. «Եթե խոսենք հանդիպման հետեւանքների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար, ապա կարելի է ասել, որ մի կողմից, դա նրան թույլ տվեց դուրս գալ բարդ իրավիճակից. նա փորձեց «պահպանել իր դեմքը» ադրբեջանական զինված ուժերի ջախջախիչ պարտությունից հետ: Նմանատիպ իրավիճակից դուրս գալու ելքը Ադրբեջանի համար անհրաժեշտություն էր, եւ այս հանդիպումը գոնե որոշակի հնարավորություն տվեց»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա քաղաքագետի խոսքով՝ իրավիճակից ելնելով, որում գտնվում է Ռուսաստանը, պետք է նշել, որ այս հանդիպումը ոչ պակաս կարեւոր էր նաեւ նրա համար բարի կամքի դրսեւորման եւ ուկրաինական իրադարձությունների համատեքստից դուրս դրական դեր խաղալու հնարավորության առումով: Ինչ վերաբերում է Հայաստանին , ապա Իսկանդարյանի կարծիքով, հանդիպումը ամբիոն էր, որը հնարավորություն տվեց եւս մեկ անգամ խաղաղ բանակցային ճանապարհով երեք հիմնարար սկզբունքների հիման վրա հանդես գալ հակամարտության կարգավորման կոչով. ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն եւ շփման գծում ուժի չկիրառում: «Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի համար նման ձեւաչափով ցանկացած հանդիպում նաեւ քաղաքական անվտանգության ձեւաչափ է»:

Ի պատասխան հարցին՝ ինչպես կանդրադառնա Սոչիի հանդիպումը շփման գծի իրավիճակի վրա, քաղաքագետը նշեց, որ շփման գծում լարված իրավիճակի վրա մեծ չափով կազդի ոչ այնքան Սոչիի հանդիպումը, որքան դրան հետեւող իրադարձությունները, որոնք հստակ ցույց տվեցին հայ եւ ադրբեջանական զինված ուժերի իրական հարաբերակցությունը: «Միաժամանակ պետք է նշել, որ Սոչիի հանդիպումը նույնպես կունենա իր ազդեցությունը եւ շփման գծի իրավիճակը գոնե կվերադառնա մինչեւ հուլիսի 31-ի վիճակին»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: