ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը կբարձրացնի ադրբեջանական գերության մեջ հայի դաժան սպանության մասին հարցը եւ այն հանգամանքի, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները սառնասիրտ լռություն են պահպանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Ինձ զարմացնում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պահվածքը, որոնք պատրաստ են ամեն ինչի, նույնիսկ աննշան առիթով աղմուկ են բարձրացնում, սակայն ոչ մի կերպ չեն արձագանքում Ադրբեջանում հայ գերու դաժան սպանությանը»,- նշեց Զոհրաբյանը: Ընդ որում, պատգամավորի խոսքով, նույնիսկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել, որտեղ Կարեն Պետրոսյանին հայտնաբերած ադրբեջանցիները հերքել են նրա դիվերսանտ լինելու հանգամանքը. «Միջազգային իրավապաշտպան ոչ մի կազմակերպություն չի արձագանքել այս բարբարոսությանը: Ես համոզված եմ, որ իմ հայտարարությունը նույնպես արձագանք չի գտնի նրանց շրջանում»:
Հիշեցնենք, որ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 7-ին գերի էր ընկել: Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը նրա մահվան մասին հաղորդագրություն տարածեց՝ «սրտի անբավարարության հետեւանքով»: Նախնական վարկածի համաձայն՝ Կարենն անտառում մոլորվել էր, որտեղ փայտ հավաքելու էր գնացել, ինչի հետեւանքով հայտնվել էր ադրբեջանական կողմում:
Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Ստրասբուրգում:





























