Ֆրանսիացի փորձագետներն ու դիվանագետները կարծում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո չի կարելի եւս մեկ ցեղասպանություն թույլ տալ Մերձավոր Արեւելքում:

Ֆրանսիական Le Monde օրաթերթում հրապարակված համատեղ հոդվածում Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Բեռնար Քուշները, գրող եւ միջազգային հարաբերությունների հարցերի փորձագետ Ժերար Շալիանդն ու Էրբիլում Ֆրանսիայի նախկին հյուպատոս Ֆրեդերիկ Տիսոն կոչ են արել աջակցել եզդիներին՝ ջիհադականների կողմից նրանց ցեղասպանությունը թույլ չտալու համար:

«Մինչ աշխարհը պատրաստվում է հիշատակել Օսմանյան Անատոլիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին ամենուր վտանգ է սպառնում, եւ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի նորից տեղի ունենա աներեւակայելին, մենք չենք կարող աչք փակել Իրաքում եզդիների սպանությունների դեմ»,- ասվում է հոդվածում:

The Guardian-ի փոխանցմամբ, նրանք նաեւ միջազգային հանրությանը կոչ են անում անհապաղ արձագանքել՝ սատարելով եւ աջակցություն տրամադրելով բոլոր նրանց, ովքեր դեմ են հանդես գալիս Իսլամական պետության բարբարոսությունների դեմ, եւ համակարգել մարդասիրական օժանդակության մատակարարումը, որոնք նախատեսված են իրենց տները հարկադրաբար լքող հարյուր հազարավոր մարդկանց համար: