Ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին խաղաղություն պարտադրի, եւ այդ ճանապարհին առաջին քայլը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ ընդգծելով, որ դա կլինի ամենաօպերատիվ ու արդար քայլը պատերազմը կանխելու գործում:
Պատգամավորի խոսքով՝ Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ վերջին հնարքից հետո Ադրբեջանի նախագահը Սոչի է մեկնել իր երկրի ներսում տիրող բավական բարդ իրավիճակի եւ իր համար ակնհայտորեն անբարենպաստ արտաքին քաղաքական իրադրության պայմաններում:
«Այն կադրերը, որոնք հրապարակել էին ռուսական լրատվամիջոցները, վկայում էին, որ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպման հենց սկզբից բավական նյարդային էր: Եվ այն հայտարարությունը, որում շեշտը դրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 20 տարվա վաղեմության բանզձեւերի վրա, ցույց էր տալիս, որ Ադրբեջանը նաեւ սպառել է քաղաքական ու իրավական հնարավորությունները»,- նշեց Աթանեսյանը՝ պարզաբանելով, որ չկա այլեւս քաղաքական կամ իրավական փաստարկ, որի կիրառմամբ Ադրբեջանը կարողանա բանակցային գործընթացը տանել իր համար շահավետ ուղիով:
Թե ինչ որոշում այժմ կընդունի Իլհամ Ալիեւը, ըստ պատգամավորի, դժվար է ասել: «Սակայն միջազգային հանրությունն արդեն պետք է գիտակցի, թե ում հետ գործ ունի՝ ի դեմս Ադրբեջանի. Ադրբեջանի նախագահը, ընդհանուր առմամբ, ոչ համարժեք վերաբերմունք է ցուցաբերում իրավիճակի եւ աշխարհաքաղաքական գործընթացների հանդեպ: Կարող եմ նույնիսկ ասել, որ Ալիեւի մոտ ակնհայտ քաղաքական ձախողումներ են դրսեւորվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն պետք է լուրջ վերլուծեն, կարո՞ղ է, արդյոք, Ադրբեջանը նման ոչ ադեկվատ ու անհավասարակշիռ առաջնորդի հետ նպաստել իրենց ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- ընդգծեց Վահրամ Աթանեսյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակն արժանի պատասխան է տվել ադրբեջանական ռազմական արկածախնդրությանը: «Պատերազմի խաղաքարտը, որը երկար ժամանակ Բաքուն շահագործել է միջազգային հարաբերություններում, չգործեց, եւ այս պահին Մինսկի խմբի համանախագահները պետք է համապատասխան գնահատականներ տան, եթե, իհարկե, այդ երկրները շահագրգռված են այս տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հարցում»,- եզրափակեց ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:




























