Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեսնելով Ուկրաինայում խորացող անկարգությունները, փորձեց խաղաղարարի դեր կատարել՝ կազմակերպելով 9 ամսվա ընթացքում առաջին հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 20 տարվա ընթացքում նախկին խորհրդային երկու պետությունների բախումների հետեւանքով ամենամեծ թվով զոհերից հետո: Այդ մասին Սոչիին նվիրված հոդվածում գրում են «Bloomberg»-ի վերլուծաբանները:

Նրանք ներկայացնում են փորձագետների կարծիքները Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ:

«Նրանց ոչ մի դեպքում հարկավոր չէ պատերազմ Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանը մեծ մղում ունի՝ կանխել նոր հակամարտությունը, քանի որ դա իր հարավային սահմաններում անկայունության ալիք կբարձրացնի: Ռուսաստանը նաեւ ռազմական պարտավորություններ ունի Հայաստանին պաշտպանելու հարցում, ինչը կարող է ոչնչացնել Ադրբեջանի հետ լավագույնս մշակված հարաբերությունները»,- համարում է բրիտանացի լրագրող, Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով մասնագետ Թոմաս դե Վաալը:

Միաժամանակ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան կարծում է, որ Ռուսաստանի դերն Ուկրաինայում կբարդացնի իր իշխանությունը նախկին Խորհրդային Միության տարածքներում ապրապնդելու՝ Պուտինի ջանքերը: «Քանի դեռ նախագահ Պուտինը չի փոխում Ուկրաինայում կուրսը, Հարավային Կովկասում ռազմական լարվածությունը թուլացնելու նրա ջանքերը վստահություն չեն վայելի»,- հայտարարել է նա:

Վերլուծաբան Լոուրենս Շիթսի խոսքով՝ վերջին բախումներն աննախադեպ էին, այդ թվում՝ սպառնալիքների իմաստով, որոնք հասան գագաթնակետին: Նա ենթադրում է, որ հետագա ցանկացած լարում կարող է անդրադառնալ հարեւան պետությունների վրա, ինչպես, օրինակ, Վրաստանն է, եւ սպառնում է հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանին, Թուրքիային, հնարավոր է՝ նաեւ Իրանին: «Աշխարհում առկա ցնցումներով հանդերձ՝ Ուկրաինայից մինչեւ Իրաք, ցավոք, ոմանք բավական լրջությամբ չեն մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության սրմանը: Սա պատերազմ է, եւ մեզ մի քանի քայլ է բաժանում նրանից, երբ կողմերը կարող են կործանիչ եւ բարդ հրթիռային համակարգեր կիրառել, որոնք կարող են զանգվածային զոհերի եւ ավերածությունների հանգեցնել»,- նշում է Շիթսը: