Ամերիկացի լրագրող Ջեյմս Օ՛Քիֆը, զգեստավորվելով «Ալ Քաիդա»-ի հանգուցյալ առաջնորդ Ուսամա բեն Լադենի հագուստով, երկու անգամ առանց խոչընդոտի հատել է ԱՄՆ պետական սահմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Ամերիկացին որոշել է սեփական փորձով ստուգել, թե որքանով են հավաստի սահմանի անվտանգության վերաբերյալ ամերիկյան քաղաքական գործիչների հայտարարությունները: Իր փորձի համար Օ՛Քիֆն ընտրել է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանահատվածը:
Լրագրողը երկու անգամ անցել է Ռիո Գրանդե գետը, որը բաժանում է երկու պետությունները. նախ՝ սովորական հագուստով, իսկ երկրորդ անգամ՝ Ուսամա բեն Լադենի զինվորական համազգեստով եւ դիմակով: Չնայած Սպիտակ տան կայքում արդեն մեկ տարի տեղադրված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն այն մասին, որ «սահմաններն ամուր են ավելի, քան երբեւէ», Օ՛Քիֆը գործնականում ապացուցել է, որ այդ պնդումն ամենեւին չի համապատասխանում իրականությանը:





























