Դոնի Ռոստովի Ստարո-Պոկրովյան տաճարում, օգոստոսի 7-ին, Օսմանյան կայսրությունում ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել։
Ասորիների ռուսական տարածքային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Դավիդ Անդրեեւի կարծիքով, Օսմանյան կայսրության տարածքի ժողովուրդները ապրում էին իրենց պատմական հողերում. «Սակայն, 1914 թ-ից մինչեւ 1927 թ-ը տեղի ունեցավ այդ ժողովուրդների ցեղասպանությունը։ Հիմնականում, տուժել են հայերը, հույները, ասորիները եւ խալդերը»։ Ըստ տարբեր աղբյուրների, զոհվածների թիվը գնահատվում է 500 000 — 750 000 մարդ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում սկսվեց ասորի ժողովրդի լայնամասշտաբ ոչնչացումը։ Ի սկզբանե ձերբակալվել ու ոչնչացվել էին հնարավոր դիմադրության վտանգ ներկայացնող տղամարդիկ, այդ թվում ՝ օսմանյան բանակ զորակոչված ասորիները։ Այնուհետեւ նրանց հաջորդեց ասորիների քաղաքական եւ մշակութային վերնախավը, իսկ կանանց, երեխաներին ու տարեցներին վտարում էին Միջագետքի անապատներ։ Թուրքական իշխանությունները հայտնել են, որ բռնի տեղափոխության պատճառը՝ ասորիների «դավաճանական» վարքն էր, որոնք, իբր, օժանդակում էին ռուսական բանակին։




























