Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն այսօր դառնում է 60 տարեկան, մտադիր է հոբելյանը նշել ընտանեկան նեղ շրջանակում։ Օգոստոսի 4-ից պետության ղեկավարն արձակուրդ է մեկնել. Սկզբում նա այն անցկացնում էր Վերսալի Լանթեռն նստավայրում,իսկ կիրակի ուղեւորվել է երկրի հարավ-արեւելք, իսկ թե ուր, գաղտնի է պահվում։
Այս ընթացքում թերթերը գուշակություններ են անում՝ արդյոք այս գաղտնիությունը կապված չէ ամուսնանալու մտադրության հետ։ Այս տարվա հունվարին Closer-ում սենսացիոն նյութ էր հայտնվել նախագահի եւ 42-ամյա դերասանուհի Ժյուլի Գայեի ամուսնանալու մտադրության մասին։ Ամուսնության հնարավոր ամսաթիվ վերջերս նշվում էր հենց նախագահի ծննդյան օրը՝ օգոստոսի 12-ը։
Պետության ղեկավարն իր հերթին այդ առնչությամբ նշել էր. «Օգոստոսի 12-ին իմ ծննդյան տարեդարձն է, եւ դա միակ միջոցառումն է, որի մասին ես տեղյակ եմ։ Եթե ցանկանում եք ինձ շնորհավորել, խնդրեմ, բայց պետք չէ այլ նվերներ եւ կոնֆետներ բերել», - ասել է նա։





























