Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն օգոստոսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը եւ Ուկրաինայի դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ռոման Իգոր Սվյատոսլավովիչը:
ԷՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, եւ այդ հարաբերությունները պահպանվում են` անկախ Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից: Որպես համագործակցության ուղղություններ նախարարը առանձնացրել է զբոսաշրջության, նորարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները` նշելով, որ հետագայում եւս ակնկալում է սերտ համագործակցություն այս ոլորտներում:
Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան, իր հերթին շնորհակալություն հայտնելով նախարարի հետ հանդիպման համար, հայտնել է, որ չնայած Ուկրաինայում առկա քաղաքական իրավիճակին, նոր կառավարությունը փորձում է հնարավորինս արագ վերականգնել աշխատանքները եւ կատարել կառավարության կառուցվածքային բոլոր փոփոխությունները, ինչը հնարավորություն կընձեռի վերականգնել հարաբերությունները այլ երկրների հետ: Անդրադառնալով Հայաստանի հետ Ուկրաինայի տնտեսական հարաբերություններին` դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրները համագործակցության եզրեր կգտնեն` անկախ երկրների` տարբեր միություններին միանալու հանգամանքից:
Կողմերը համակարծիք են եղել, որ պետք է առավել արդյունավետ օգտագործել համագործակցության հնարավորությունները. նման հնարավորություն է նաեւ հոկտեմբերին նախատեսված հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել է նաեւ ավիացիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կներկայացնի համագործակցության փաթեթը, որից հետո ուկրաինական կողմը հանդես կգա առաջարկներով:





























