Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում հուլիսի 30-ին հակառակորդի գնդակից ուսի հատվածում վիրավորում ստացած Վալերի Ճաղարյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ վիրավորված այգեձորցին իրեն լավ է զգում, առողջական ոչ մի խնդիր չունի:
«Վալերին իրեն շատ լավ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես, իսկ գյուղում էլ արդեն մի քանի օր՝ հանգիստ է, ադրբեջանցիները չեն կրակում»,- ավելացրեց գյուղապետը:
Նշենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ 3 նախագահներն էլ փաստեցին, որ Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով: Սպասվում էր, որ լարվածությունը սահմանին կթուլանա: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ օգոստոսի 12-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սահմանին հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:





























