Սոչիի հանդիպումը դրական հետեւանքներ կունենա, սակայն չեմ կարծում, թե կհանգեցնի շփման գծում միջադեպերի բացառման: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ նախագահների հանդիպումը լուծեց իր առջեւ դրված խնդիրը, այն է՝ բացատրել ադրբեջանական կողմին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ անընդունելի է, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները նույնպես կդատապարտեն Բաքվի նման մտադրությունը:

«Սոչիի հանդիպման հիմնական նպատակը կրկին հաստատելն էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ռազմական այլընտրանք չունի: Եռակողմ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը, ներկայացնելով հստակ փաստարկներ եւ հռետորական հարց ուղղելով Ադրբեջանի նախագահին, ի չիք դարձրեց Ալիեւի ջանքերը եւ հերթական անգամ բացահայտեց ադրբեջանական պրոպագանդայի դեմքը», - նշել է Շարմազանովը: Փոխխոսնակը հավելել է, որ Սոչիի հանդիպումից շահեց տարածաշրջանային կայունությունը:

Հիշեցնենք, օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: