Գորիսի նորանշանակ քաղաքապետ Վաչագան Ադունցը մտադիր է նախ եւ առաջ ջերմացնել քաղաքում տիրող մթնոլորտը, բնակիչներին համախմբել քաղաքի լավ ապագայի կառուցման գործում, այնուհետեւ արդեն լուծել աղբահանության, լուսավորության եւ թափառող շների հարցը:
NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետի պաշտոնն ընդամենը 2 շաբաթ ստանձնած Վաչագան Ադունցը չցանկացավ խոսել կատարած աշխատանքի մասին:
«Երկու շաբաթը քիչ է ռեալ աշխատանքի մասին խոսելու համար, դեռ ծանոթանում եմ: Ընդունված է՝ կատարած աշխատանքի մասին խոսել գոնե 100 օր հետո: Բայց կարող եմ փաստել, որ աշխատանքները շատ են, ժամանակն էլ սուղ»,- ասաց նա:
Քաղաքապետի խոսքով՝ քաղաքի բարայոհոգեբանական մթնոլորտը բարելավվելու եւ ջերմացնելու համար ինքը հանդիպումներ է ունենում հասարակության լայն շերտերի, հասարակական կազմակերպությունների հետ:
Հարցին՝ արդյոք նոր քաղաքապետը կադրային փոփոխություններ կատարել է, վերջինս ընդգծեց. «Ես ոչ մեկին աշխատանքից ազատելու մտադրություն չունեմ, բայց երբ ստանձնեցի պաշտոնը, արդեն 3 թափուր տեղ կար, օրերս էլ 2 աշխատակից ազատման դիմում ներկայացրեց: Այդ մարդիկ դուրս են եկել տարբեր պատճառներով»:
Նշենք, որ հունիսի 8-ին կայացած ընտրությունների ժամանակ Վաչագան Ադունցը, ում սատարում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ձայների մեծամասնությամբ հաղթեց անկուսակցական Հրայր Յոլյանին:





























