Մայր աթոռ Սուրբ էջմիածինը  չի մեկնաբանում Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի պատասխանը, ով, ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նամակի,  որում կոչ էր արվում ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները չվտանգեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, մեղադրանքներ էր ուղղել հայկական կողմին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր աթոռի մամուլի ծառայությունից նշեցին, որ մեկնաբանության կարիք չկա, նամակն ինքն ամեն ինչ ասում է:

Ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նամակի՝ Փաշազադեն փորձել է մեղքը դիմացինի վրա բարդել, բերելով «փաստարկներ», որոնք ավելի բնորոշ են Ադրբեջանի ռազմատենչ իշխանություններին, քան հոգեւոր առաջնորդին, որի ցանկությունը, ըստ համամարդկային տրամաբանության, պետք է լիներ շփման գծում խաղաղություն պահպանելը: Սակայն դրա փոխարեն Փաշազադեն  հայոց կաթողիկոսին կոչ է արել  «ազդել Հայաստանի իշխանությունների վրա՝ Ադրբեջանի տարածքներից զորքերը դուրս բերելու եւ խաղաղ բանակցություններում կառուցողական դիրքորոշում զբաղեցնելու համար»:

Մինչդեռ, Ադրբեջանի ոչ միայն աշխարհիկ, այլեւ հոգեւոր իշխանություններին պետք է հիշեցնել, որ վերջին 20 տարիների ընթացքում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտողը միշտ էլ Ադրբեջանն է եղել, որի մասին վկայում են անհերքելի փաստերը: