Չեխիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի մարզեր, կամ էլ հայ-ադրբեջանական սահմանին կից շրջաններ: «The Prague Post» թերթը գրում է, որ նախազգուշացումը կապված է այդ շրջաններում զինված բախումների հետ:
«ԱԳՆ-ն Չեխիայի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ չի տալիս ճանապարհորդել կամ տեղաշարժվել Ռուսաստանի՝ ռուս-ուկրաինական սահմանին հարակից տարածքներում, հատկապես Ռոստովի մարզում: Ներկայումս տարածաշրջանով ճամփորդությունը կապված է անվտանգության աճող վտանգի հետ», – զգուշացրել է գերատեսչությունը:
Ղարաբաղի շրջանում եւ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս իրադրության լարվածության պատճառով ԱԳՆ-ն չեխերին խորհուրդ չի տալիս մեկնել նաեւ այս երկու երկրների սահմաններին հարակից շրջաններ: «Հայաստանի Տավուշի մարզում՝ Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքների միջեւ, Երեւանը Թբիլիսիին կապող M16-H26 ճանապարհը հաճախ է օգտագործվում զբոսաշրջիկների կողմից», – նշել է ԱԳՆ-ն, հավելելով, որ բացի սահմանամերձ շրջանների հրետակոծությունից, եղել են նաեւ անցնող մեքենաների վրա կրակոցների դեպքեր:





























