Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանի գրասենյակի ակտիվիստները ասորիների եւ սիրիական համայնքների առաջնորդների մասնակցությամբ բողոքի խաղաղ ակցիա են անցկացրել Միավորված ազգերի կազմակերպության շտաբ-բնակարանի առջեւ՝ Իրաքում եւ Սիրիայում իրենց եղբայրների դեմ գրոհների դադարեցման միջազգային աջակցությունը ստանալու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Asbarez»-ը:
Հայ-ամերիկյան կազմակերպությունից Արմեն Սահակյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով ամերիկահայերի եւ ասորական համայնքների համերաշխությունը: Սահակյանը հայտարարել է, որ որ այսօրվա բռնությունը հիշեցնում է 1915-1923թթ ավելի քան 3 մլն քրիստոնյաների՝ հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունն ու արտաքսումը: Սահակյանը կոչ է արել ընդլայնել միջազգային ջանքերը ծայրահեղականների կողմից այդ համայնքների նկատմամբ, իսկ Հալեպի եւ Քեսաբի սիրիական համայնքների դեպքում՝ Թուրքիայի կառավարության կողմից հովանավորվող բռնության դադարեցման ուղղությամբ:
Բողոքողները արաբական «ն» տառով՝ «նասրանի» (արաբերեն՝ քրիստոնյա-խմբ.) բառի սկզբնատառով հատուկ շապիկներ են կրել, որպեսզի ցույց տան իրենց համերաշխանությունը Իրաքում, Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքի այլ մասերում հետապնդումների են ենթարկվողների հետ: Սա Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ամենազանգվածային փախուստն է Օսմանյան Թուրքիայում հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունից հետո:




























