Ավստրալական եկեղեցական հեղինակավոր առաջնորդը՝ Ավստրալիայում Հայկական եկեղեցու ղեկավարը, ՊԱԿ-ի գործակալ էր: Այս մասին գրում է «The Sydney Morning Herald» թերթը՝ մեջբերելով ռուսական հետախուզության հրապարակած արխիվային փաստաթղթերը: Արքեպիսկոպոս Աղան Բալիոզյանը՝ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայկական եկեղեցու թեմի առաջնորդը, ՊԱԿ արխիվի նախկին աշխատակից Վասիլի Միտրոխինի թղթերում հիշատակվում է որպես ՊԱԿ գործակալ՝ «Զորիկ» գաղտնանվամբ:

Ծնվելով Սիրիայում 1946թ.-ին՝ հանգուցյալ արքեպիսկոպոս Բալիոզյանն Ավստրալիա է ժամանել 1975թ.-ին, որպեսզի ծառայի որպես Հայկական եկեղեցու թեմի գլխավոր փոխանորդ, իսկ 1982թ.-ին նշանակվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայկական եկեղեցու թեմի առաջնորդ: Լինելով բավական հարգված կրոնական առաջնորդ եւ Սիդնեյի Չասթվուդ շրջանի հայտնի դեմք՝ հավատարիմ է եղել էկումենիզմին ու աշխատել է քրիստոնեական եկեղեցիների միջեւ միասնություն եւ համագործակցություն հաստատելու նպատակով:

Արքեպիսկոպոս Բալիոզյանը 1994-1997թ.թ. ընթացքում Ավստրալիայում եկեղեցիների ազգային խորհրդի նախագահն էր, 2005-2007 թվականներին՝ Նոր Հարավային Ուելս նահանգի էկումենիկ խորհրդի նախագահը: Նա Հայկական եկեղեցին ներկայացնում էր եկեղեցիների համաշխարհային խորհրդում: Արքեպիսկոպոսին 1995թ.-ին պարգեւատրել են «Ավստրալիայի շքանշանով»՝ «ի նշան հայկական համայնքի առջեւ ունեցած ծառայության», ինչպես նաեւ 2001թ.-ին «Հարյուրամյա մեդալով»՝ դարձյալ համայնքի առջեւ ունեցած ծառայության համար: Բալիոզյանը վախճանվել է 2012թ. սեպտեմբերին:

Այնուամենայնիվ, Ավստրալիայում ՊԱԿ-ի լրտեսությունների մասին Միտրոխինի փաստաթղթերում նշվում է, որ Բալիոզյանին խորհրդային հետախուզությունը հավաքագրել է 1973թ.-ին, երբ Երեւանում աստվածաբանություն էր ուսումնասիրում: Միտրոխինի գրառումների համաձայն՝ Աղան Բալիոզյանը շարունակել է աշխատել որպես ՊԱԿ գործակալ Երուսաղեմում ուսումնառության ու դասավանդելու տարիներին՝ 1974թ.-ին եւ «երեք երկրներից տեղեկություններ է հաղորդել»: Նա կապ է ունեցել ՊԱԿ-ի հետ այն բանից հետո, երբ փոխադրվել է Ավստրալիայի հայկական եկեղեցի:

Սակայն Միտրոխինի փաստաթղթերը նաեւ ցույց են տալիս, որ նրա գործունեությունն Ավստրալիայում համարվում էր անբավարար: ՊԱԿ-ի օտարերկրյա հետախուզական վարչության երրորդ բաժինը, որը պատասխանատու էր Ավստրալիայում իրականացվող գործողությունների համար, հանգել է եզրակացության, որ «արքեպիսկոպոս Բալիոզյանը չուներ բավական օպերատիվ պատրաստություն», ինչի արդյունքում դադարեցրել է ծառայությունը: ՊԱԿ-ից արքեպիսկոպոսի հեռացման հստակ ժամանակը Միտրոխինի գրառումներում չի նշվում, բացի այդ, հայտնի չէ, արդյո՞ք հարաբերություններ է ունեցել խորհրդային հետախուզության հետ 1980-ական թվականներին: