Իրանի նավթի փոխնախարարի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը պատրաստ է «Nabucco» խողովակաշարով գազ մատակարարել Եվրոպային, չի նշանակում, որ արդյունքում այն իսկապես կմասնակցի այդ նախագծին կամ որ նախագիծն իրականում կգործարկվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսական իրանագետ, Ռազմավարական շակույթի հիմնադրամի փորձագետ Կարինե Գեւորգյանը:
Նրա խոսքով, այս դեպքում տեղին է օգտագործել անգլո-սաքսոնական՝ «ձվերը տարբեր կողովներում դնել» արտահայտությունը: «Իրանցիները բավական արդյունավետ եւ փորձառու են գործում դիվանագիտական դաշտում, ինչի մասին են վկայում միջուկային ծրագրի շուրջ եւ բազմաթիվ այլ բանակցություններ: Չնայած նրանց համար դժվար էր, նրանք, ամեն դեպքում, կարողացան հաղթահարել պատժամիջոցների ռեժիմը եւ իրենց բավական պատվով պահել: Այդ պատճառով նրանց հայտարարությունը, թե պատրաստ են մասնակցել ցանկացած նախագծի, նորմալ է: Ինձ թվում է, որ պետք չէ զարմանալ»,- նշեց Գեւորգյանը:
Ըստ նրա, իրանցիները կարող են մտադրությունների մասին պայմանագիր կնքել, նրանք բանակցող են: «Բայց այն, որ նրանք, ծայրահեղ դեպքում, պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ, հատուկ է իրանցիներին, եւ նրանք այդ իմաստով բավական գրագետ քաղաքականություն են վարում»,- ասաց Կարինե Գեւորգյանը:
Անդրադառնալով հարցին, արդյո՞ք նման հայտարարությունների արդյունքում չեն վատանա Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, փորձագետը նշեց, որ այդ մեծամասամբ կախված է Կրեմլից: «Հնարավոր է՝ իրանցիների հայտարարությունը որոշ չափով փորձ է՝ ստուգել, թե ինչպես դրան կվերաբերվի Ռուսաստանը: Անկասկած, Իրանի շահերից չի բխում Ռուսաստանի հետ վեճը, քանի որ նրանից զենք է գնում եւ այլն: Իրանը շահագրգռված է նաեւ տարանցիկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի բացմամբ»,- հիշեցրեց Կարինե Գեւորգյանը:
Նրա կարծիքով, եթե Ռուսաստանն իրեն պասիվ պահի, նշանակում է՝ իրանական կողմի այս հայտարարությունը ոչ մի կերպ չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: «Հնարավոր է՝ Ռուսաստանը նեղանա եւ մի կողմ քաշվի, բայց խանգարել չի կարողանա: Այդ առումով ինձ թվում է, որ իրանցիները բավական գրագետ են վարվում»,- հավելեց իրանագետը:
«Nabucco»-ն չիրականացված ծրագիր է Թուրքմենստանի եւ Ադրբեջանի տարածքով գազի խողովակաշար անցկացնելու շուրջ Եվրամիության երկրներ, առաջին հերթին՝ Ավստրիա եւ Գերմանիա: Նախատեսվող հզորությունը տարեկան 26-32 մլրդ խորանարդ մետր գազ է: Նախատեսվում էր, որ ծրագրի իրականացման համար 7.9 մլրդ եվրո է ծախսվելու: Խողովակաշարի կառուցման կոնսորցիումին մասնակցել են հետեւյալ ընկերությունները. «OMV Gas GmbH» (Ավստրիա), «BOTAŞ» (Թուրքիա), «ԲուլղարԳազ» (Բուլղարիա), «S.N.T.G.N. Transgaz S.A.» (Ռումինիա):





























